ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ցավալի է, որ հիմա մեր փոքրիկները և՛ դպրոցում, և՛ տանը արաբերեն են խոսում»

«Ցավալի է, որ հիմա մեր փոքրիկները  և՛ դպրոցում, և՛ տանը արաբերեն են խոսում»
03.05.2013 | 12:27

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է բանաստեղծուհի ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇՅԱՆԸ:

-Ձեր կարծիքով՝ Դուք ո՞վ եք:
-Անուշ Նագգաշյանը:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Դա նշանակում է մի երուսաղեմահայ, որ պատանության օրից Հայաստանն է սիրել, Հայաստանով ապրել, Հայաստանով շնչել: Վերջին գիրքս հենց այդ մասին է՝ «Փոքրիկ աղջիկը՝ մեծ երազով», իմ էությունն է, իմ կյանքն է, իմ սերն է ամբողջ: Ինձ համար հայրենիքը սրբություն և երազ չէ միայն, իրականություն է ու իրականություն է եղել միշտ: Անշուշտ, ո՞վ եմ ես՝ ես չէ, որ պիտի ասեմ: Բանաստեղծ եմ, լավ եմ, վատ եմ, ժամանակն է ցույց տալու: Ես այն եմ, ինչ կամ: Հայաստանցի սփյուռքահայ: Ես երբեք չեմ զգացել, որ Հայաստանից դուրս եմ մեծացել:
-Ի՞նչ է նշանակում Երուսաղեմում ապրող հայ լինելը:
-Նշանակում է որպես հայ կրկնակի տառապել, որովհետև այս վերջին տարիներին մենք այստեղ ոչ թերթ ունենք, ոչ մշակութային ձեռնարկներ: Ես, որ այստեղ մեծացել եմ երգչախմբով, պարախմբով, Հայաստանով, ինձ համար շատ ցավալի է, որ հիմա մեր փոքրիկները և՛ դպրոցում, և՛ տանը արաբերեն են խոսում: Հենց այդ պատճառով հիմնեցի իմ «Անդրադարձ» ամսաթերթը, որ այդտեղ ցույց տամ՝ դուք որտեղից եք եկել-հասել այստեղ, ինչ եք պահել, ինչ եք ձեռք բերել, ինչ ներդրում եք ունեցել սուրբ քաղաքում, մի հեռացեք ձեր ակունքներից, պահեք գոնե այն, ինչ մնացել է մեզ: Իսկ դա կրկնակի տառապանք է, քանի որ դու կմոռանաս որպես մարդ ապրելդ և կփորձես ապրել որպես հայ: Տղաս տասներկու տարեկան էր, երբ մի օր ինձ ասաց՝ մամա, դու ոչ որպես մարդ ես ապրում, ոչ որպես կին, դու միայն իբրև հայ ես ապրում: Մեղադրանք չկարծեք, ինքը շատ ուրախ էր, ինքը շատ կապված է Հայաստանին, ինքը որպես հայ է մեծացել: ՈՒ ես առաջին անգամ անդրադարձա, որ մոռացել եմ որպես մարդ ապրել, միայն որպես հայ եմ ապրում, բայց երբ կշեռքի վրա ես դնում, հասկանում ես, որ ուրիշ կերպ ապրել չես կարող:
-Երուսաղեմում շա՞տ հայ կա հիմա:
-Շատ քիչ, բայց մենք պահում ենք նույն իրավունքները, ինչ մեզնից հազարներով ավելի մեծ քույր եկեղեցիներն ունեն: Դժբախտաբար շատ փոխվեց Երուսաղեմը, նոսրացավ՝ քաղաքական պատճառներով, միակ տղաս Երուսաղեմում չէ այսօր: Ես չկարողացա նրան այստեղ պահել, շատ փորձեցինք, որ Հայաստանում գործ գտնի ու հայրենիքում լինի, բայց չեղավ: Մի օր գուցե ստացվի:
-Ի՞նչն է պատճառը, աշխատանք չկա՞, քաղաքակա՞ն խնդիրներ են առաջանում:
-Քաղաքական խնդիրները շատ ծանր են, շատ ճնշող է, մենք անդադար պայքարի մեջ ենք: Մենք Սիոն լեռան վրա ենք, երբ հորս մահից հետո իր խանութը աշխատեցրի, ինձ համար շատ ծանր որոշում էր, որովհետև դպրոցում էի աշխատում ու ամբողջ էությամբ նվիրված էի աշակերտներիս: Բայց երբ ժողովի ժամանակ տնօրենն ասաց՝ հայերենն ո՞ւմ է պետք, միայն քեզ է պետք, որ ամսական ստանաս, ես արդեն չէի կարող աշխատել: Ես դոկտորական թեզ եմ պաշտպանել, մայրս ասում էր՝ աղջիկս, հոգիդ սիրես, ուրիշ գործ մի արա, իմ ամսականն էլ քեզ, միայն դպրոցում մնա, դու այդ գործի համար ես պատրաստված: Այդ տարիներին մեր դպրոցում ամեն ամիս թատրոն էինք բեմադրում, ես էի գրում: Գիտե՞ք ինչ խանդավառություն էր, մեր հինգերորդ դարի շարականներով մինչև հիմիկվա բանաստեղծները բեմադրություններ էինք անում, ասմունքի երեկոներ: Այսօր ուսուցչուհին սաներին արաբերեն է ասում՝ երեխաներ, դպրոց մտեք: Համայնքն այսօր փոխված է, իրենք կարծում են՝ ինչ անում ես, անում ես քո փառքի համար, բայց ես ինչ անում եմ, անում եմ, որ մեկ հոգի ավելի հայերեն սովորի, մեկ հոգի ավելի սիրի Հայաստանը: Իմ շատ աշակերտներ գնացին Հայաստան ու հիմա, որ հանդիպում ենք, ասում են՝ օրիորդ, մենք քո շնչով Հայաստան գնացինք, ու դա ինձ հերիք է: Իմ աշակերտները բոլորը լավ հայերեն են խոսում, ու ես շատ հպարտ եմ: Որպես երուսաղեմահայ, ես առիթներ ունեի դուրս գնալու՝ Ամերիկա՝ Նյու Յորք և Կալիֆոռնիա, թերթի խմբագիր ու դպրոցի տնօրեն, ուրիշ երկրներից էլ առաջարկներ եղան, բայց զարմանալիորեն միշտ վերջին վայրկյանին մերժում էի: ՈՒ գիտեմ, որ դա Աստծուց էր, որովհետև երևի այստեղ առաքելություն ունեմ: Ես հավատացած եմ:
-Ո՞Ւմ համար եք տպագրում «Անդրադարձ» թերթը:
-Շատ կարևոր եմ համարում թերթը ու ձրի բաժանում եմ, որ հայերը կարդան, որ սովորեն իրենց պատմությունը, գրականությունը, նկարչությունը, որ մենք կորցնում ենք: Ինչո՞ւ այսօր Երուսաղեմն այս վիճակին հասավ: Երիտասարդությունը թողեց-գնաց: Քաղաքական պատճառները կան, բայց միայն դա չէ: Մենք դիմացանք, բայց երիտասարդները շատ ծանր են տանում: Մենք մեծանում էինք` մտածելով, որ մինչև մեծանանք՝ խաղաղություն կլինի, մեր զավակները մեծանում էին` մտածելով, որ մինչև մեծանան՝ խաղաղություն կլինի, բայց ոչ ծնողներիս, ոչ մեր, ոչ մեր զավակների կյանքում խաղաղություն չեղավ: Տղաս մի օր ասաց՝ մամա, դու հայության համար այնքան ես արել, որ եթե մենք ոչինչ չանենք, հերիք է: Ես թերթն «Անդրադարձ» կոչեցի, որպեսզի անդրադառնանք մեր հարստությանը, մենք իրավունք չունենք վիզներս ծուռ քայլելու, մենք հայ ենք ու շիտակ պիտի քայլենք:
-Չե՞ք կարծում, որ այսօր պահանջները փոխվել են, ու դպրոցը, եկեղեցին քիչ են, որ հայերը մնան ու շատանան Երուսաղեմում: Ինչ եղել է հարյուր տարի ու հազար տարի, այլևս չի բավարարում, աշխարհն է փոխվում, կյանքն է փոխվում:
-Սևակն է ասել՝ նախ մենք մեր մեջ, հետո մեր շուրջը պիտի պատճառները որոնենք: Գաղութը ներսից պիտի կազմակերպվի: Իրենք հոգու խորքում սիրում ու հարգում են, բայց չեն կարողանում հաղթահարել ուժեղ մարդու ներկայությունը: Ես փառքի պետք չունեմ, բայց կարողություններս կան ու կարող են ծառայել համայնքի պահպանությանը:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Երուսաղեմ

Դիտվել է՝ 3003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ